ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին՝ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը, խորհրդատուներ Խավիեր Բոտերոն, Պիտեր Լինդհոլմը  և Գոհար Մալումյանը: 

ԿԳՍՄՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը և այլք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության առևտրայնացման ու արդիականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում հանրային քննարկման  է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը, որն ավելի վաղ երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական և վերադարձվել խմբագրման։

Կարեն Թռչունյանի խոսքով՝ նախօրեին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագիրը», որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելուց հետո կունենա օրենքի ուժ։ Նա շեշտել է, որ ծրագրից բխող   գործողությունների պլանում ամրագրված է նաև ակադեմիական քաղաք հիմնելու ծրագիրը։ Նախագծի հիմնական նպատակը, ըստ փոխնախարարի, բարձրագույն կրթության արդյունավետության  բարձրացումն է և արդիականացումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։ Ըստ փոխնախարարի՝ նոր կրթական ծրագրերը կամ առկա ծրագրերի բարելավումը պետք է բխեն գիտակրթական հանրույթի շահերից և համահունչ լինեն Կրթության ռազմավարության ու ակադեմիական քաղաքի հայեցակարգի սկզբունքներին։ 

Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանն իր հերթին նշել է, որ երեք ուղղությամբ իրականացվել է հետազոտություն՝ պարզելու, թե ճշգրիտ գիտությունների որ ուղղությամբ Հայաստանն ունի կարողություններ, որոնք կարելի է զարգացնել և երկրի համար դարձնել եկամտաբեր ու արդյունավետ։ Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բարձրագույն կրթության այն ուղղությունների գծով, որոնք ազդեցություն կունենան գիտության զարգացման և  առևտրայնացման վրա։ Իֆեյինվա Օնուգանը վստահեցրել է, որ դա առաջնային նշանակություն ունի Համաշխարհային բանկի համար։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Համաշխարհային բանկը կմշակի համապատասխան առաջարկներ և կներկայացնի դրանք, իսկ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի Կրթության ռազմավարությանը համապատասխան առաջնահերթությունների սահմանում, որոնք կքննարկվեն հետագա հանդիպումների ընթացքում։