Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի աջակցում Պիրենեյան թերակղզու եւ մնացած Եվրոպայի միջեւ բնական գազ մղելու համար նոր խողովակաշար կառուցելու գաղափարին՝ չնայած մայրցամաքում առկա էներգետիկ ճգնաժամին, հայտնում է AP-ն։

Իսպանիան պնդում է, որ եւս մեկ, ավելի մեծ գազատար կառուցվի դեպի Ֆրանսիա՝ ծրագիր, որը հաստատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Մակրոնն ասել է, որ Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ գոյություն ունեցող խողովակաշարերը ներկայումս օգտագործում են իրենց հզորության միայն 50-60 տոկոսը: «Ի՞նչ է պետք Եվրոպային առաջիկա տարիներին: Արտադրել ավելի շատ էլեկտրաէներգիա իր հողում եւ ունենալ վերականգնվող ու միջուկային (էներգետիկայի) ռազմավարություն»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նոր խողովակաշարի կառուցման համար կպահանջվի 5-8 տարի, ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան չի ցանկանում երկարաժամկետ հեռանկարում գազի մեծ ծավալներ ներկրել։

«Կարծում եմ, որ մեր առաջնահերթությունը Եվրոպայում միասնական էլեկտրացանցերի քանակի ավելացումն է, ուստի ես ավելի շատ աջակցում եմ այդ նախագծերին»,- նշել է նա: