ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը եւ ՀՅԴ-ական Տարոն Մանուկյանն այսօր՝ -հոկտեմբերի 6-ին՝ մոտ հինգ ամիս կալանավորված մնալուց հետո, ազատ արձակվեցին:

«Նրանց կալանքի հիմքը նոր հանցանք կատարելու ռիսկն էր, դատարանը գտել է, որ այդ ռիսկը նվազել է եւ իմ միջնորդությունը բավարարվել է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել էր երիտասարդների պաշտպան Աբգար Պողոսյանը՝ մեկնաբանելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին,  Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործով անցնող մյուս հինգ դաշնակցական երիտասարդներին ազատ էին  արձակվել ավելի վաղ։