Երկու կողմերի բարձրաստիճան ամերիկացի սենատորները խթան են հաղորդել օրինագծին, որը ճնշում է գործադրում ՕՊԵԿ+-ի վրա այն բանից հետո, երբ կարտելը հայտարարեց նավթի արդյունահանման կտրուկ կրճատման մասին:

Նավթի արդյունահանման եւ արտահանման արգելքի մասին օրինագիծը (NOPEC) հետաքրքրություն առաջացրեց այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ը, Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ, որոշեց կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով:

«Այն, ինչ արեց Սաուդյան Արաբիան՝ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին օգնելու համար շարունակել իր նողկալի եւ դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ, ամերիկացիները դեռ երկար կհիշեն,- ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:- Մենք ուսումնասիրում ենք բոլոր օրենսդրական գործիքներն այս սարսափելի եւ խորապես ցինիկ արարքի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ NOPEC-ի օրինագիծը», - ասվում է Շումերի հայտարարության մեջ:

Սենատոր Չակ Գրասլին՝ հանրապետական, ով հովանավորում է NOPEC-ը, ասել է, որ մտադիր է այդ միջոցառումը որպես առաջիկա Ազգային պաշտպանության ակտի փոփոխություն ներկայացնել:

Մայիսին NOPEC-ը ստացավ Սենատի դատական ​​հանձնաժողովի հավանությունը դեմոկրատների աջակցությամբ, այդ թվում՝  2020 թվականին նախագահի նախկին թեկնածու սենատոր Էմի Կլոբուչարի: Անցյալ տարի այն հաստատվեց Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից։

Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունվելու եւ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելու դեպքում NOPEC-ը կփոփոխի ԱՄՆ հակամենաշնորհային օրենքը՝ ինքնիշխան անձեռնմխելիությունը չեղարկելու համար, որը պաշտպանում էր ՕՊԵԿ+-ի անդամներին եւ նրանց ազգային նավթային ընկերություններին դատական ​​հայցերից: Դա ԱՄՆ գլխավոր դատախազին իրավունք կտա դաշնային դատարանում դատի տալ նավթային կարտելին կամ նրա անդամներին:

«ՕՊԵԿ-ը եւ դրա գործընկերներն անտեսեցին արդյունահանումն ավելացնելու նախագահ Բայդենի կոչերը, եւ այժմ նրանք համաձայնության են եկել արդյունահանումը կրճատելու եի նավթի համաշխարհային գներն ավելի առաջ մղելու համար,- ասվում է Գրասլիի հայտարարության մեջ:- Առնվազն մենք պետք է կարողանանք նրանց պատասխանատվության ենթարկել անարդար գնագոյացման համար»:

Պարզ չէ՝ արդյո՞ք այդ փոփոխությունը բավարար աջակցություն կստանա ընդունվելու համար: Կոնգրեսը դժվար թե ընդունի օրինագիծը նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրություններից առաջ:

Չորեքշաբթի Սպիտակ տունը հայտարարել էր, որ խորհրդակցելու է Կոնգրեսի հետ «լրացուցիչ գործիքների եւ լիազորությունների» վերաբերյալ՝ ՕՊԵԿ+-ի վերահսկողությունն էներգիայի գների վրա նվազեցնելու համար՝ ակնարկելով NOPEC-ին հնարավոր աջակցության մասին: Ավելի վաղ Սպիտակ տունը մտահոգություն էր հայտնել օրինագծի կապակցությամբ։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների տարբեր տարբերակներ է  դիտարկում այն բանից հետո, երբ Էր Ռիադը եւ ՕՊԵԿ+-ի մյուս երկրներն այս շաբաթ պայմանավորվեցին զգալիորեն կրճատել նավթի արդյունահանումը: «Ինչ վերաբերում է ապագա հարաբերություններին (Էր-Ռիադի հետ), ապա մենք մի շարք տարբերակներ ենք դիտարկում։ Մենք սերտորեն խորհրդակցում ենք Կոնգրեսի հետ»,- ասել է Բլինքենը: