Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը ստիպում է Լեհաստանի քաղաքացիներին այրել աղբը, իսկ Ռումինիային՝ նվազեցնել վառելափայտի գները, քանի որ ջերմության այլընտրանքային աղբյուրների պահանջարկն աճում է:

Վարշավայից դուրս բնակիչները Bloomberg-ին ասել են, որ այժմ իրենցից ամեն օր վառվող աղբի հոտ է գալիս, իսկ ոմանք նկատում են, որ աղբը սկսել են ավելի քիչ տանել։

«Աղբահանության զգալի կրճատում ենք նկատում, հատկապես, երբ խոսքն այն նյութերի մասին է, որոնք գոնե տեսականորեն կարող են հարմար լինել այրման համար, ինչպիսիք են թուղթը, ստվարաթուղթը եւ փաթեթները»,- լեհական լրատվամիջոցներին ասել է լեհական քաղաքներից մեկի քաղաքապետը:

Եվրամիությունն արգելել է ռուսական ածխի ներկրումը, որը հարված է հասցրել, հատկապես՝ ածուխից կախված Լեհաստանին։ Լեհերը շտապեցին ածուխ հավաքել նախքան օգոստոսին արգելքի ուժի մեջ մտնելը, սակայն հարցումները ցույց են տալիս, որ լեհական տնային տնտեսությունների 60 տոկոսը չունի բավարար ածուխ՝ ձմեռն անցկացնելու համար:

Միեւնույն ժամանակ, Ռումինիայի կառավարությունը վառելափայտի համար 400 լեյ (80 դոլար) է սահմանել մեկ խորանարդ մետրի դիաց եւ 2000 լեյ մեկ տոննա փայտի համար:

Ավելի վաղ Ռումինիան սահմանափակում էր գազի եւ էլեկտրաէներգիայի գները՝ գների բարձրացումը մեղմելու համար: Ռումինիայում վառելափայտի՝ որպես ջերմության էժան այլընտրանքի ժողովրդականությունը մեծացել է, եւ երկիրը դրդել է քաղաքացիներին վառելափայտը որպես ջերմության աղբյուր օգտագործել նույնիսկ ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ:

Ավելի վաղ հաղորդումներում նշվում էր Եվրոպայում վառելափայտի պահանջարկի աճի եւ նույնիսկ փայտանյութի գողության աճի մասին: The Washington Post-ի աղբյուրները թերթին հայտնել են, որ «փայտը նոր ոսկի է» դարձել: