Նոր Զելանդիայի գերագույն դատարանն անսովոր քայլ է կատարել՝ չեղարկելով այն տղամարդու մեղադրական դատավճիռը, որը մահացել էր երեք տարի առաջ, նշել է AP-ը։

Դատարանը որոշել է, որ տեղի է ունեցել դատական սխալ այն բանից հետո, երբ Փիտեր  Էլիսը մեղավոր է ճանաչվել մանկապարտզի երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, որտեղ ուսուցիչ էր աշխատել ավելի քան 30 տարի առաջ։

Սովորաբար բողոքարկումներն ավարտվում են հայտատուի մահվանից հետո։ Բայց այս դեպքում դատարանը որոշել է, որ բողոքարկման շարունակումը բխում է արդարության շահերից անգամ այն բանից հետո, երբ Էլիսը մահացել էր քաղցկեղից 2019թ., 61 տարեկանում։

Էլիսն առաջին անգամ դատարանի առջեւ է կանգնել 1993թ.՝ «սատանայական ծիսական բռնության» գլոբալ անհանգստության ֆոնին։

Նրա դեմ գործը հենվում էր փոքր երեխաների հիշողությունների վրա, եւ շատերը սկզբից եւեթ կասկածում էին դրանց ճշմարտացիությանը։ Ոմանք կարծում էին, որ փաստը, որ նա բացահայտ գեյ է, աշխատել է իր դեմ։

Էլիսը դատապարտվել է 1993թ. յոթ երեխայի հանդեպ սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքի 16 կետով։ Երեխաները Քրայսթչերչի մանկապարտեզի սաներ էին։ Նա յոթ տարի անցկացրել է բանտում եւ միշտ պնդել, որ անմեղ է։

Գերագույն դատարանը մեղադրանքի կողմի վկայի՝ հոգեբույժ Քարեն Զելասի (որը հետեւել էր երեխաների հարցաքննություններին) ցուցմունքները համարել էր չնհավասարակշռված։ Դատարանը որոշել էր, որ Զելասը ատենակալներին ներկայացրել է երեխաների վարքագծի հնարավոր այլ բացատրություններ, որոնք տատանվում էին գիշերային անմիզապահությունից եւ քնելու հետ կապված խնդիրներից մինչեւ սեռական վարքագիծը։ Դատարանը նաեւ վճռել է, որ Զելասը լիովին չի բացատրել այն ռիսկը, որ երեխաների ցուցմունքները խեղաթյուրված կարող էին լինել, օրինակ, նրանց ծնողների կողմից, որոնք միմյանց հետ հանդիպել էին մինչեւ դատավարությունը։

Էլիսի փաստաբանի անսովոր փաստարկներից մեկն այն էր, որ մաորի բնիկ ժողովուրդների «մանա» սովորությունների եւ արժեքների համաձայն՝ մարդու հեղինակությունը եւ դիրքը պահպանվում են նրա մահվանից հետո։ Էլիսը մաորի էր, բայց դատարանը որոշել է, որ այս փաստարկը կարելի է կիրառել ցանկացած նորզելանդացու հանդեպ։

Չնայած փաստարկը վճռական գործոն չի դարձել, դատարանն այն կցել է գործին եւ նշել, որ այն օգնել է բողոքարկման քննարկման շարունակմանը Էլիսի մահից հետո։