Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիային եւ Ֆինլանդիային առաջարկել է ՆԱՏՕ-ին միանալ տարբեր ժամանակներում։ Նա երկու երկրներին մեղադրում է այն խմբավորումներյն պաշտպանելու մեջ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Թուրքիան եւ Հունգարիան վերջինն են, որ չեն վավերացրել դաշինքին Հյուսիսային Եվրոպայի երկրների անդամակցությունը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բարեհաճ չի լինի Շվեդիայի հանդեպ այնքան ժամանակ, քանի դեռ «ահաբեկչական կազմակերպությունները» ցույցեր են անցկացնում այդ երկրի փողոցներում եւ նրա խորհրդարանում։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ավելի լավ հարաբերություններ ունի Ֆինլանդիայի հետ, որովհետեւ «դա այն երկիրը չէ, որտեղ ազատ պտտվում են ահաբեկիչները»։ «ՆԱՏՕ-ն պետք է վերջնական որոշում կայացնի, եւ եթե նրանք ընդունեն որոշում հօգուտ Ֆինլանդիայի, իհարկե, մենք ամեն բան կանենք, ինչը կպահանջվի մեզանից»,- ասել է Էրդողանը։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ Հելսինկին կողմ է Շվեդիայի հետ միաժամանակ դաշինքին անդամակցելուն։

«Մեր տեսակետից, շատ կարեւոր է, որպեսզի Ֆինլանդիան եւ Շվեդիան միասին մտնեն ՆԱՏՕ, որովհետեւ մենք երկուսս էլ գտնվում ենք Եվրոպայի հյուսիսային մասում, երկուսս էլ նույն աշխարհաքաղաքական դիրքում ենք անվտանգության առումով»,- ասել է նա։ «Բայց, իհարկե, մենք կշարունակենք քննարկումը, եւ հիմա Թուրքիան, ինչպես նաեւ Հունգարիան պետք է վավերացման մասին որոշում ընդունեն»։

Էրդողանի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Շվեդիան հայտարարել էր, որ կչեղարկի զենքի մատակարարման էմբարգոն, որը մտցրել էր Թուրքիայի հանդեպ 2019թ. Սիրիայում YPG քուրդ աշխարհազորայինների դեմ թուրքական ռազմական գործողությունից հետո։