Մենք չգիտենք, թե ինչու են մեզ արգելել մուտք գործել «Փեթակ» առեւտրի կենտրոն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիային մասնակցող առեւտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը։

Ակցիայի մասնակցի խոսքով՝ աշխատակիցները զարմացել են, երբ առավոտյան եկել են աշխատանքի եւ տեսել, որ առեւտրի կենտրոնը փակ է։ Նրանց ասել են, որ Կառավարության որոշմամբ առեւտրի կենտրոնը չի աշխատելու։

«Խորհրդակցության ժամանակ այս տեղեկությունը մեզ փոխանցեց առեւտրի կենտրոնի տնօրեն Մասիս Դանիելյանը։ Մեր բոլոր ապրանքները մնացել են առեւտրի կենտրոնում։ Մենք այդ ապրանքները վաճառելով ենք ապրում։ Թող մեզ ժամանակ եւ կոնկրետ պատճառաբանություն տան։ Ինչո՞ւ է նման որոշում կայացվել»,-ասաց աշխատակիցը՝ հավելելով, որ իշխանությունն առեւտրի կենտրոնը փակելու հիմքեր չունի։