Չեչնիայի ժողովուրդը մինչեւ վերջ կպաշտպանի Ռուսաստանի շահերը, իր ավանդույթներն ու կրոնը, հայտարարել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք մինչեւ վերջ կպաշտպանենք մեր պետության շահերը, ավանդույթները, ընտանեկան սովորույթներն ու կրոնը։ Դրա համար չէ, որ մեր նախնիները դարեր շարունակ ապրել են ադաթներով, պաշտպանել են Ղուրանը, որպեսզի այսօր հոգեկան հիվանդ եվրոպացիները մեզ պարտադրեն իրենց սատանայական գարշելիությունը»,- ասել է Կադիրովը Խանքալայի զորամասում Չեչնիայի անվտանգության ուժերի հանդիսավոր շարման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ մոտ 10 հազար չեչեն արդեն կռվում է առաջնագծում։ «Այս օրերին հատուկ օպերացիայի գոտի լրացուցիչ հատուկ գնդեր են գնացել։ Ամեն օր հանրապետություն կամավորներ են գալիս, ովքեր վստահում են մեր հրահանգիչներին եւ ցանկանում են միանալ «Ախմաթ»-ի ջոկատներին։ Հենց դա էլ ռուսական հասարակության համախմբումն է, որի մասին երազել են Ախմաթ-Խաջին (Կադիրով-խմբ.) եւ Վլադիմիր Պուտինը»,- նշել է Չեչնիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ արեւմտյան հետախուզական ծառայությունները դիվերսիոն տեղեկատվական պատերազմ էին մղում՝ փորձելով համոզել ռուսներին, որ Չեչնիան Ռուսաստանի մաս չէ, սակայն չեչեններն ապացուցեցին, որ իրենք ռուսական մեծ ընտանիքի անբաժան մասն են։