Ադրբեջանում անգամ զինվորական հոսպիտալներում գտնվող հայ գերիների հանդեպ են վատ վերաբերվում։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Օրինակ, բժշկական միջամտություն է կատարվել առանց ցավազրկման։ Խոսքը վիրահատությունների, վերքերը կարելու, վիրակապելու մասին է։ Այդ միջամտությունների ժամանակ պացիենտները բժշկական պրոտոկոլներով պետք է նախապես ցավազրկվեն։

Տղաները ենթարկվել են նաեւ հոգեբանական ճնշման, ներկա պահին նրանք անցնում են ֆիզիկական եւ հոգեբանական ռեաբիլիտացում։

Ոմանց մարմինների վրա կան խոշտանգումների հետքեր։ Գրանցվել է դեպք, երբ զինծառայողին հասցվել է ոչ մահացու վերք, բայց որը հետագայում մահացել է։ Սա այն դեպքն է, երբ ադրբեջանական քարոզչությունը փորձում էր ցույց տալ, թե ինչպես են առաջին բուժօգնություն ցուցաբերում հայ զինծառայողին։ Հետագա դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան մահացել է ներքին արնահոսությունից։ Սա խոշտանգման դրսեւորում է՝ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու տեսքով։ Նման դեպքեր կարող են էլի գրանցված լինել»,- ասել է Գրիգորյանը։