Թուրքիան Վրաստան կմատակարարի ՆԱՏՕ-ի ստանդարտի զրահամեքենաներ։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես տեղեկացրել է «Грузия-онлайн»-ը, Վրաստանի պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությանն առընթեր գործող ASFAT ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որի հիման վրա Վրաստան կմատակարարվեն բարձր անցանելիության նոր զրահամեքենաներ։ «Վրաստանի Զինված ուժերի զինումը նշված զրահամեքենաներով զգալի ավանդ կներդնի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման եւ Թուրքիայի ու Վրաստանի միջեւ համագործակցության խորացման գործում»,- նշվել է նախարարության հաղորդագրությունում։

Թե ինչ մոդելի եւ ինչ քանակությամբ զրահամեքենաների մասին է խոսքը՝ չի նշվել։