Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների համար։ Մենք ոչ մի նախապայման չունենք։ Մենք մեր հարեւաններին հասկացրեցինք, որ պատրաստ ենք ընդունել նրանց մեր երկրում եւ անհրաժեշտության դեպքում օգնել ամրապնդել երկխոսությունը եւ խորացնել այդ գործընթացը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ Վրաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովումն է։ «Այդ նպատակից ելնելով՝ մեր երկիրը միշտ փորձել է միջնորդի դեր խաղալ մեր հարավային բարեկամների հետ։ Անցյալ տարի վարչապետի ակտիվ մասնակցությամբ կոնկրետ շոշափելի արդյունքներ ձեռք բերվեցին, այդ գործընթացը շարունակվեց, մի քանի ամիս առաջ մենք Վրաստանում ընդունեցինք երկու արտգործնախարարների, դա նույնպես օրինակ է, որ մենք առանձնահատուկ վստահություն ունենք մեր ընկերների նկատմամբ։ Ապագայում մենք միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը, Թբիլիսին լինեն մի վայր, որտեղ մեր հարավային հարեւանները կարող են հանգիստ եւ խաղաղ երկխոսություն վարել, որպեսզի նրանք կոնկրետ արդյունքներ ստանան այդ բանակցություններից եւ խաղաղություն եւ կայունություն հաստատեն մեր տարածաշրջանում»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։