Մեր պահանջն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս բերվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ նախօրեին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման եւ դրա արդյունքում ընդունված հայտարարության վերաբերյալ այս պահին չի կարող որեւէ մեկնաբանուոյուն անել:

«Մեկնաբանությունները անպայման կհնչեն: Խմբակցության ղեկավարի հարցազրույցն է պատրաստվում, մեկնաբանությունները կտրվեն»,-ասաց նա:

ԱԺ փոխխոսնակն անպատասխան թողեց հարցերը, թե երբ են տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, արդյոք քառակողմ հայտարարությունից բխում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ երբ դա տեղի կունենա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայտարարությունում նաեւ նշվել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն կտեղակայվի. առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: