Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը բաց է Անկարայի հետ երկխոսության համար։

«Հունաստանը երբեք չի սադրում, այն միշտ վստահ պատասխանում է, երբ իրեն են սադրում»,- ասել է Միցոտակիսը, փոխանցել է Kathimerini-ն։

«Անիմաստ է մեղադրել Հունաստանին Էգեյան ծովում լարվածությունը թեժացնելու մեջ, երբ Թուրքիան է բարձրացնում կղզիների ինքնիշխանության հարցը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ «Հունաստանը դուռը չի փակում երկխոսության առջեւ»», «մենք վստահ ենք, որ միջազգային իրավունքը մեր կողմից է»։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Հունաստանի հետ «քննարկելու բան չունի»։ Նրա խոսքով՝ Աթենքը «հասկացել» է Անկարայի հաղորդումն այն մասին, որ «մենք կարող ենք հանկարծ հայտնվել մի անգամ գիշերով»։ «Թող սա լսի ոչ միայն Հունաստանը։ «Մենք կարող ենք հանկարծ գալ մի անգամ գիշերով»՝ անկախ այն բանից, թե որ երկիրը կհարձակվի մեզ վրա։ Նրանք պետք է իմանան այս մասին»,- ասել է Էրդողանը։

Հունաստանի վարչապետը վկայակոչել է նաեւ ոչ միանշանակ մեկնաբանությունները, որոնք արել է Էրդողանը Պրահայում, հինգշաբթի երեկոյան, ընթրիքի ժամանակ։ «Սա առաջնակարգ հնարավորություն էր իմ գործընկերների համար, որոնք այնքան էլ չեն հասկանում, թե ով է սադրում եւ որ երկիրն է վստահ պաշտպանում իր իրավունքները»,- ասել է Միցոտակիսը։