Ադրբեջանի նախագահը հնչեցրել է արցախահայության տեղահանման եւ ցեղասպանության ծրագիրը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ալիեւի վերջին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանում ապրել չցանկացող արցախահայերը «կարող են նոր բնակավայր փնտրել»։

«Հարցն այն է, թե ինչ նպատակ է նա դնում իր առջեւ։ Ադրբեջանի նախագահը հստակ եւ բացահայտ հայտարարեց, որ գլխավոր նպատակը Արցախը կուլ տալն է, եւ նրանք, ովքեր համաձայն չեն, կարող են հեռանալ։ Մենք գիտենք, որ նրանք մի քանի հազար մարդկանց ցուցակներ ունեն, որոնց մտադիր են գնդակահարել, սա մենք հաստատ գիտենք։ Բնականաբար, բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, կհեռանա Արցախից, եթե, իհարկե, հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ոչ ոք այստեղ չի մնա։ Այսինքն՝ Ալիեւը հնչեցրել է հայերի տեղահանման եւ ցեղասպանության ծրագիրը։ Այլ բան է, թե ինչպես է նա հասնելու դրան եւ ում հետ է խոսելու այս թեմաներով։ Ես կարծում եմ, որ արցախյան պետականության ապամոնտաժման թեմայով նրա հետ հազիվ թե Արցախից որեւէ մեկը խոսի։ Եվ մենք պետք է հնարավորինս անկեղծ լինենք ինքներս մեզ եւ աշխարհի հետ։ Ահա թե ինչ է սպասվում մեզ։ Մենք շատ ենք ափսոսում, որ համաշխարհային հանրությունը այդպես էլ համր մնաց Ալիեւի այդ մարդատյաց արտահայտությունների հանդեպ»,- նշել է նախարարը։

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի ներողամիտ վերաբերմունքը պայմանավորված է գազի մատակարարումներով, Դավիթ Բաբայանը նշել է. «Այսօր նրանք գազ են գնում եւ դրա համար աչք են փակում արցախցիների իրավունքների խախտման վրա, վաղը նրանք գազախցիկներ են ունենալու»։