Գերմանիան գազի գների իջեցման ծրագիր է առաջարկել՝ գնորդների դաշինք ստեղծելով էներգառեսուրս ասիական երկրների հետ, որպեսզի խոշոր արտահանողներին համոզեն նվազեցնել գները, գրում է Politico-ն։

Պրահայում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում գաղափարը ԵՄ առաջնորդներին ներկայացրել է Օլաֆ Շոլցը:

Ծրագրի համաձայն՝ Գերմանիան կօգտագործի G7-ի նախագահությունը՝ գազի գների իջեցման նպատակով համաշխարհային դաշինք ստեղծելու համար: Այն ԵՄ-ին թույլ կտա միավորվել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան եւ Հարավային Կորեան, որոնք աշխարհում բնական հեղուկ գազի (LNG) խոշորագույն գնորդներից են, որպեսզի խուսափեն միմյանցից առաջ գնալուց:

Պաշտոնյաներից մեկը սխեման անվանել է G7 +, քանի որ դրանում ներգրավվելու են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Նորվեգիան, որոնք G7-ի մաս չեն կազմում:

Այս շաբաթվա սկզբին Շոլցը խոսել է գլոբալ լուծման անհրաժեշտության մասին՝ պնդելով, որ գազ արտահանող երկրների շահերից է բխում «ուրախ» հաճախորդներ ունենալը։

«Մենք պետք է ճանապարհ գտնենք ընդհանուր առմամբ գինն իջեցնելու համար։ Այս համատեղ ջանքերը կարող են ներդաշնակվել միայն գլոբալ մակարդակում, եւ ես կարծում եմ, որ մատակարարող երկրները, ի վերջո, նույնպես շահագրգռված են, որ իրենց հաճախորդներն էլ ուրախ լինեն»,- ասել է կանցլերը Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսում:

Գերմանական առաջարկը հնչել է ԵՄ-ի անդամ պետությունների զգալի մասի, այդ թվում Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի եւ Լեհաստանի կողմից գազի ներկրման գների վրա սահմանափակում դնելու առաջարկի ֆոնին:

Գերմանիան եւ Նիդեռլանդները այդ քայլին դեմ են եղել, վախենալով, որ գնի նման հարկադիր սահմանաչափը պարզապես կհանգեցնի գազի արտահոսքի դեպի ասիական երկրներ՝ Եվրոպայում վառելիքի պակասի պատճառ դառնալով: