Տարածաշրջանային էներգետիկ անվտանգության եւ էներգետիկ անկախության ապահովման հարցերը դարձել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլիի եւ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի՝ Թբիլիսիում կայացած հանդիպման առանցքային թեման, գրում է «Նովոստի Գրուզիան»։

«Նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը, որն էլ ավելի հստակ ցույց է տվել էներգետիկ անվտանգության եւ էներգետիկ անկախության կարեւորությունը»,-հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը կարեւորել են էլեկտրաէներգիայիայի արդյունաբերության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը։ Այդ կապակցությամբ նրանք մատնանշել են նախագիծը, որը պետք է միացնի Վրաստանի եւ Եվրոպայի էներգետիկ համակարգերը։

Շահբազովի խոսքով, նախագիծը, որը բացի Վրաստանից եւ Ռումինիայից, կընդգրկի նաեւ Ադրբեջանը եւ Հունգարիան, դիվերսիֆիկացնում է Եվրոպա մատակարարվող աղբյուրները, եւ կլինի էներգետիկ անվտանգության հարցով Բաքվի եւ Թբիլիսիի համատեղ նախաձեռնությունների շարունակությունը։ Նա նաեւ նշել է, որ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում քամու էներգիայի «ահռելի ներուժով» եւ ԵՄ-ի եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ։

Դավիթաշվիլին, իր հերթին , այս նախագիծը պատմական է անվանել Վրաստանի համար։ Նա հաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է ստորջրյա հաղորդման գծի շուրջ համագործակցության նոր ձեւաչափ ստեղծել։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ընթացիկ եւ նախատեսվող միջոցառումները՝ կապված էլեկտրաէներգիայի արտահանման եւ տարանցման ավելացման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնման հետ։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել էներգետիկայի վերականգնվող աղբյուրների ոլորտում համագործակցության եւ մի շարք այլ ոլորտներում։

Նշվել է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության հիմնական դերը պատկանում է էներգետիկ համագործակցությանը։