ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Այս մասին NEWS.am-ին հաղորդում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետեւանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։ Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաեւ փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։

 Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարեւորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները եւ հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն։