Կոորդինատները տված է, թե իմ երեխեն որտեղ է, խնդրում եմ, աղաչում եմ, թող իմ երեխին գտնեն, բերեն տան ինձ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի մայրը:

«Ես ինչքա՞ն սպասեն, տղաս երեք տեղից վիրավոր է՝ ոտքից, ուսից, գլխից: Մեկ ամիս է՝ ես իմ երեխու ձենը չեմ լսել: Խնդրում եմ, թող իմ երեխուն տան ինձ, ուրիշ բան չեմ ուզում: Մինչեւ իմ երեխին ողջ չտան ինձ, ոչ մի զինակոչիկի ոչ մի թուղթ չի գալու: Էդ թղթերը կտրատելու եմ անձամբ իմ ձեռքով կերցնեմ իրենց: Ամսի 14-ին զանգեց, ասեց՝ շատ լավ եմ, գալու եմ, քեզ գրկելու եմ: գալիս են մեր հետեւից, 2 ժամից չաստում կլինեմ, կզանգեմ: Այդ երկու ժամը դարձավ մեկ ամիս»,-ասաց մայրը:

Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ամուսնուն հրավիրել են մարզպետարան:

Վահե Թորոսյանի տատը՝ Սեդա Թորոսյանն էլ ասաց. «Երկու օր առաջ ժամանակ էինք տվել, երկու օրում ինչը փոխվեց, մեր երեխեն էն կողմն է, մենք էս կողմը: Ինչքա՞ն կարելի է սպասել: Չեմ կարողանում հարսրս երեսին նայեմ, թաքնվում եմ այս ու այն կողմ: Էլ չեմ համբերում, ով եկավ դեմս կխփեմ, ափսոս դուբինկեն չեմ բերել, որ տամ միլիցեքի գլխին: Թող իրենց հավաքեն, մեր երեխին բերեն, տան: Մեր ամբողջ գյուղը կանգնած է, սպասում ենք մեր երեխի գալուն: Ոնց տարել են, թող նույն ձեւ բերեն տան մեզ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը:

Նրանք դեռ հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի մոտ: Հարազատները նշում են, որ Վահե Թորոսյանը վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 14-ին, նա հստակ նկարագրել է, թե որտեղ է գտնվում, բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում իրենց տղային այտեղից հանելու համար, ասում են, որ այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է:

«Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասել էր հարազատներից մեկը: