Մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, ընդհակառակը, 1996-1997-ից հետո, երբ Արցախը փաստորեն դուրս բնաց բանակցային գործընթացի մի հատվածից, մենք միշտ կոչ էինք անում վերականգնել այդ ձեւաչափը եւ այդ ձեւաչափի վերականգնումը մնացել է մեր օրակարգում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Բայց այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս: Գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ, դա Մինսկի խումբն է, որի փաստաթղթերում նշված է, որ Արցախը եւ հակամարտության, եւ բանակցությունների կողմ է:

Ադրբեջանն ասում է՝ մենք չենք բանակցելու որպես կողմի հետ: Մենք էլ ասում ենք՝ վերականգնվի ձեւաչափը, բանակցենք: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ բանակցություններն ստանան այն երանգը, որ աբորիգեն ինչ-որ մի ցեղախումբ ի դեմս Արցախի, պետք է գնա մետրոպոլիայի կամ մայր երկրի հետ նեղացած, փոշմանած խնդրի, ասի՝ կներես, մայր երկիր, այսինքն Ադրբեջան, մենք մի ղալաթ ենք արել, հիմա գալիս ենք ներողություն ենք խնդրում, նորից մեզ ընդգրկեք ձեր կազմ, դա չի լինելու:

Բնական է, որ սա Հայաստանի իշխանությունները հասկանում են, չեն կարող չհասկանալ, որովհետեւ սա Արցախի ժողովրդի հավաքական կարծիքն է»,.-ասաց նա: