Մեր ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել, մենք ակնկալում ենք միջազգային դերակատարում Հարավային Կովկասում եւ մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը, որը պետք է տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից:

«Մեր ակնկալիքն այն է, որ Եմ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա եւ այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի  ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կա ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի  միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը: Բայց նաեւ պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարեւոր առաքելություն: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ից եկող այս առաքելությունը դերակատարում կունենան այս հարցում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նմանատիպ դիմում եղել է նաեւ ԵԱՀԿ-ին, որպեսզի ԵԱՀԿ-ից նույնպես դիտորդական առաքելություն գա, Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց. «Այո, իրավացի եք, քննարկվում է նաեւ մեր սահմանագծին հայկական կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում այս մասով եւս հստակություն կունենանք»: