ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին օրինագիծը, որը պատրաստել է հանրապետության կառավարությունը, թույլ է տալիս միջուկային զենք տեղակայել իր տարածքում։ Այս մասին գրել է Iltalehti թերթը՝ հղում կատարելով երկրի արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում ունեցած աղբյուրներին։

Նշվել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության մասին փաստաթուղթն արդեն պատրաստ է եւ քննարկման կներկայացվի երկու շաբաթվա ընթացքում։

Պարբերականի տեղեկացմամբ՝ օրինագիծը նաեւ չի արգելում ՆԱՏՕ-ի ռազմակայանների եւ զորախմբերի տեղակայումը երկրի տարածքում։

Փաստաթղթի պատրաստմամբ զբաղվել են ԱԳՆ-ն, ՆԳՆ-ն եւ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմը։

Թերթի աղբյուրներից մեկի համաձայն՝ միջուկային զենքը Ֆինլանդիայում կարող է տեղակայվել, օրինակ, F-35 կործանիչների վրա. Հելսինկին պատվիրել է 64 նման ինքնաթիռ։