Իրավիճակի կարգավորման եւ խաղաղության պայմանագրի հարցում մեր դիրքորոշումն այն է, որ այս խաղաղ պայմանագիրը, միանշանակ, անհրաժեշտ է։ Մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ սահմանների սահմանազատմանը եւ սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» քննարկման ակումբի նիստում։

«Մենք կողմ ենք դրան, իսկ թե որ տարբերակը պետք է ընտրել՝ դա հայ ժողովրդի որոշելիքն է։ Ամեն դեպքում որ տարբերակն էլ ընտրի, եթե այն բերի խաղաղության, մենք դրան կողմ ենք, բայց չենք պատրաստվում որեւէ բան պարտադրել, մենք չենք կարող եւ չենք պատրաստվում Հայաստանին որեւէ բան թելադրել։

Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը համարում է, որ պետք է ընտրել որեւէ կոնկրետ տարբերակ, որքան ես եմ հասկանում այսպես կոչված՝ «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, ու եթե Հայաստանը այդպես է համարում՝ խնդրեմ։ Մենք կսատարենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ընտրություն։

Եթե Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը համարում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է քննարկվեն և տեղ գտնեն ապագա պայմանագրում, դա նույնպես հնարավոր է, բայց անշուշտ պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունները ընդունելի լինեն նաեւ մյուս կողմի՝ Ադրբեջանի համար։

Դա շատ դժվար, բարդ հարց է, բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք առավելապես կառաջնորդվենք նրանով, ինչ կառաջարկի Հայաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի շահերը», - ասել է Պուտինը: