Այսօր հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին. վարկանիշային քվեարկության արդյունքում Առաջինի լրատվական ալիքը հաղթող է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:

Նշենք, որ Հայկական երկրորդ հեռուստաալիքը, դատարանում վիճարկել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021-ի հունիսի 4-ի մրցույթի արդյունքները, որտեղ հաղթող էր ճանաչվել Հանրայինի Առաջին ալիքը: Դատական ատյանները բավարարել էին հայցը, որոշում կայացրել նոր մրցույթ անցկացնելու մասին: Վերջին երկու ամսում ՀՌՀ-ն ուսումնասիրել է մրցույթին մասնակցող Հայկական երկրորդ հեռուստաալիքի և Առաջինի լրատվական ալիքի հայտերը, հանձնաժողովի անդամների դիտարկումների հիման վրա կազմվել է 125 էջանոց փաստաթուղթ:

Մրցույթի արդյունքում Հայկական երկրորդ հեռուստաալիքն ստացել է 55 միավոր, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ 78 միավոր: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի նիստում ՀՌՀ-ն որոշել էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել  հոկտեմբերի 28-ը, որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: