Գերմանիան եւ Եվրամիությունն ուսումնասիրում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հնարավորությունը, կիրակի ասել է  Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։

«Ես անցած շաբաթ հստակ հասկացրել եմ, որ մենք գործողության մեջ ենք մտցնում պատժամիջոցների նոր փաթեթ, որ մենք նաեւ ուսումնասիրելու ենք, թե կարող ենք արդյոք ԻՀՊԿ-ն մտցնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ»,- ասել է Բերբոքը ARD-ի հարցազրույցում։

Գերմանացի նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԻՀՊԿ ղեկավարը նախազգուշացրել է ընդվզողներին, որ շաբաթ օրը վերջինն է, երբ նրանք կարող են փողոցներ դուրս գալ՝ հասկանալ տալով, որ անվտանգության ուժերը կարող են ուժեղացնել առանց այդ էլ կոշտ բռնաճնշումները մասշտաբային ցույցերի մասնակիցների դեմ։

Անցած շաբաթ Գերմանիան տեղեկացրել էր Իրանի դեմ սահմանափակումների խստացման մասին՝ ի հավելումն ԵՄ-ի արդեն հայտարարած պատժամիջոցների փաթեթի։

Բերբոքը նաեւ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններ Թեհրանի եւ Արեւմուտքի միջեւ ներկայում չեն վարվում։