ԵԽԽՎ 20 պատգամավոր առաջարկել է ընդունել բանաձեւ «Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի» մասին։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

«Լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների աճող հետապնդումներն Ադրբեջանում, քաղբանտարկյալների թվի ավելացումը տագնապ են առաջացնում»,- նշվել է 13 երկրների 20 պատգամավորների ստորագրած փաստաթղթում։ Նախաձեռնողը Իտալիայից պատգամավոր Մաուրիցիո Բուկարելան է։ Փաստաթղթում նշվել է լրագրող Ավազ Զեյնալլիի եւ իրավապաշտպան-փաստաբան Էլչին Սադիգովի ձերբակալության մասին։ Իշխանություններն անտեսել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի կոչը՝ անհապաղ ազատ արձակել Զեյնալլիին եւ Սադիգովին։ 2022թ. կեսերին բլոգեր Աբիդ Գաֆարովը բանտ էր նետվել զրպարտության շինծու մեղադրանքով։ Նույն մեղադրանքով երեք քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր գործիչ Ալի Ալիեւի դեմ։ 2022թ. մայիսին շինծու մեղադրանքով ձերբակալվել էր բլոգեր Ռաշադ Ռամազանովը։ «Խորհդարանական վեհաժողովը պետք է ուշադիր դիտարկի եւ ուսումնասիրի Ադրբեջանում գոյություն ունեցող քաղաքական բանտարկյալների գործերը»,- նշվել է փաստաթղթում։

Բանաձեւի հեղինակները կարծում են, որ վեհաժողովը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի հետեւել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին։ Թե երբ բանաձեւի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ-ում՝ հայտնի չէ»,- տեղեկացրել է ԶԼՄ-ն։