Իշխանությունը մտադիր է մինչեւ 2026 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան մինչեւ 2,5 միլիոնի։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ միջոցներ են ձեռնարկվում երկրում զբոսաշրջության համար պայմանների բարելավման, ինչպես նաեւ երկիր այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկից շահույթն ավելացնելու ուղղությամբ։ Ավելին, 2023 թվականին զբոսաշրջության զարգացման համար մարքեթինգային ծախսերը կավելացվեն հինգ անգամ։ Միջոցներ կհատկացվեն պետբյուջեից։

«Այս տարի նախատեսված 200 միլիոն դրամի փոխարեն 2023 թվականին պետբյուջեից կհատկացվի մոտ 1 միլիարդ դրամ»,-ասաց Քերոբյանը։ 

Քերոբյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ գերմանական GIZ ընկերության հետ, որն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։