Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ավարտել և բարելավել «Հյուսիս-Հարավ» միջանցքի Նորդուզ-Վարզաքան և Թավրիզ ճանապարհահատվածը, հայտնում է ISNA-ն։

«Երբ Հայաստանն իր տարածքում կատարի անհրաժեշտ աշխատանքներ, իսկ Իրանը ավարտի աշխատանքները Վարզաքանում և Թավրիզում, «Հյուսիս-Հարավ» միջանցքը գործնականում կզարգանա։ Դա շատ կարևոր է երկու երկրների համար։ Այս երթուղին կարող է ապահովել զգալի ծավալի բեռների փոխադրում։ Այս երթուղու առանձնահատկություններից մեկն էլ փոխադրումների ժամանակի կրճատումն է»,- ասել է իրանցի նախարարը։

Ղասեմին նաեւ հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև՝ Արևելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով:

Նախարարները պայմանավորվել են համագործակցել նաև ճանապարհների, թունելների, բնակելի շենքերի և այլ ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ։

Բացի այդ, որոշվել է, որ 2023 թվականի գարնանը իրանական ընկերությունները կսկսեն Քաջարանում 7,2 կմ երկարությամբ թունելի կառուցումը։