Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների ընդլայնումը կկանխի «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը եւ կապահովի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս մասին ILNA-ի հետ զրույցում ասել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։

Նրա խոսքով՝  «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նպատակը Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ ոչ այդքան լավ հարաբերություններ ունեցող երկրներին ապրանքների եւ էներգառեսուրսների տարանցման մենաշնորհ տրամադրելն է։

Նա նշել է, որ Կասպիական տարածաշրջանում հասանելիություն ստանալու ՆԱՏՕ-ի փորձը Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը շրջափակելու նպատակ է հետապնդում։ «Իրանը տարբեր լուծումներ ունի այդ դավադրությունը չեզոքացնելու համար, որոնցից մեկը Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական, անվտանգության ոլորտներում հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն է»,-ասել է նա՝ հավելելով, որ դա կհանգեցնի նրան, որ կկանխվի «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը։

«Մենք պետք է հիշեցնենք հայկական կողմին, որ Իրանը միակ երկիրն է, որը շահերի ընդհանրություն ունի Հայաստանի հետ։ Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանման համար Հայաստանը կարող է հույսը դնել Իրանի տնտեսական, քաղաքական , տեղեկատվական եւ ռազմական օգնության վրա»,-նշել է նա։