Գների աճը եւ թույլ արժույթը նշանակում են, որ Շվեդիան մինչեւ 2026 թվականը կհասնի ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով պաշտպանական ծախսերի ՆԱՏՕ-ի նպատակին՝ երկու տարի շուտ, քան նախկինում ծրագրվել էր: Այս մասին հայտարարել է Շվեդիայի գերագույն գլխավոր հրամանատար Միքայել Բայդենը, հայտնում է Reuters-ը։

Ամռանը Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Սկանդինավյան երկու երկրների անդամակցությունը հաստատել են ՆԱՏՕ-ի 30 անդամներից 28-ը։

«Մենք գտնվում ենք անվտանգության շատ լուրջ իրավիճակում»,- կառավարությանը ծախսերի վերաբերյալ առաջարկություններ տրամադրելուց հետո կայացած մամուլի ասուլիսում նշել է Միքայել Բայդենը։

Նրա խոսքով՝ Շվեդիան կավելացնի իր ռազմական ներուժը ցամաքում, ծովում ու օդում, կամրապնդի իր ներկայությունը ռազմավարական Գոտլանդ կղզում։ Շվեդիան նաեւ կկրկնապատկի զորակոչիկների թիվը՝ 2025 թվականի 24 000-ից 2035 թվականին հասցնելով 50 000-ի։

Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ ռազմական տեխնիկայի գների աճը, տոկոսադրույքների բարձրացումը եւ թույլ շվեդական արժույթը, որոնք ավելի են թանկացնում արտերկրից գնումները, նշանակում են, որ Շվեդիայի պաշտպանական ծախսերը, ըստ գնահատումների, կհասնեն ՀՆԱ-ի 2 տոկոսին ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր:

Նա կառավարությանը խորհուրդ է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելիս սկզբում կարմիր գծեր չսահմանել, օրինակ՝ Շվեդիայում ՆԱՏՕ-ի բազաների կամ միջուկային զենքի տեղակայում։ «Վաղ փուլում, դեռեւս մինչ մեր միանալը, վերապահումները անախորժություններ ու խոչընդոտներ կստեղծեն, եւ մենք ցանկանում ենք խուսափել դրանից»,- ասել է նա: