Թուրքիային չեն բավարարում քուրդ «անջատողականների» հետ կապված խնդիրը լուծելու Շվեդիայի խոստումները, եւ քիչ հավանական է, որ Թուրքիան հետ վերցնի իր առարկությունները ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումի վերաբերյալ, եթե երկիրը ավելի վճռական քայլեր չձեռնարկի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, գրում է Bloomberg-ը։

«Շվեդիայի այս հայտարարությունները լավն են, բայց բավարար չեն, քանի դեռ չեն իրականացվել»,-ասել է Չելիքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Շվեդիայից եւ Ֆինլանդիայից պահանջել է արտահանձնել կասկածյալներին, որոնց Թուրքիան համարում է «ահաբեկիչներ»։

Այս շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցից առաջ եւ Շվեդիայի նոր վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի առանձին այցից առաջ Չելիքի խոսքերն ազդարարել են այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում վավերացնել անդամակցության դիմումները, որոնց վրա մայիսին սպառնացել էր վետո դնել։

Շվեդիայի ղեկավարն ասել է, որ Թուրքիային համոզելը հեշտ չէ։ «Մենք լիովին հարգում ենք այն փաստը, որ դաշինքի յուրաքանչյուր երկիր կայացնում է իր որոշումները»,-ասել է Քրիսթերսոնը։ 

Սթոլթենբերգը Շվեդիային եւ Ֆինլանդիային հորդորել է բավարարել Թուրքիայի պահանջները, որը Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենամեծ զինված ուժերն ունի։

Ուրբաթ օրը Ստամբուլում Էրդողանը կհանդիպի Սթոլթենբերգի հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ինչպես նաեւ Ուկրաինայի պատերազմը:

Քրիսթերսոնը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը կպահպանի Թուրքիայի հետ պայմանավորվածությունը եւ կհամագործակցի ահաբեկչության դեմ պայքարում։