Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ որեւէ նախապայման չեն պահանջի կամ դեմ չեն լինի իրենց տարածքում միջուկային բազաների կամ զենքի տեղակայմանը, Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հաստատել են նրանց վարչապետները, հայտնում է Bloomberg-ը։

Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատ վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ իր երկիրը «չպետք է որեւէ նախապայման առաջ քաշի կամ որեւէ դուռ փակի» նախքան ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։ «Սա այն բանը չէ, որ մենք հիմա ակտիվորեն քննարկենք։ Երբ մենք անդամ դառնանք, այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել նման հարցեր»,- ասել է նա՝ խոսելով Ֆինլանդիայում միջուկային զենքի մասին։

Շվեդիայի պահպանողական վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը համաձայնել է իր ֆինն գործընկերոջ հետ։ «Ֆինլանդիան եւ Շվեդիան պետք է նման եզրակացություններ անեն» եւ «ընդունեն» ՆԱՏՕ-ի բոլոր հնարավորությունները, ասել է նա։

Շվեդիայի զինված ուժերի ղեկավար Միքայել Բայդենը երեքշաբթի օրը կայացած առանձին մամուլի ասուլիսում հաստատել է, որ Շվեդիան ի սկզբանե պետք է զերծ մնա միջուկային զենքի շուրջ համագործակցության վերաբերյալ որեւէ վերապահումներից։ «Դեռեւս մեր անդամ դառնալուց առաջ կարմիր գծերի անցկացումը միայն խոչընդոտներ եւ անախորժություններ է ստեղծում»,- ասել է նա։

Սկանդինավյան երկու երկրները ներկայումս սպասում են Թուրքիայի եւ Հունգարիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտի վավերացմանը։ ՆԱՏՕ-ի մյուս բոլոր երկրները հավանություն են տվել նրանց արագ կարգով անդամակցությանը:

Ակնկալվում է, որ Հունգարիան դեկտեմբերի կեսին կվավերացնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։