Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սուր պայքար է մղվում Անդրկովկասում խաղաղարարի դափնիների համար, կարծում է «Կոմերսանտ»-ի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը։

«Անվերադարձ գնացել են այն ժամանակները, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդական ջանքերը մեծ տերությունները համատեղ էին իրականացնում՝ միավորվելով ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Այսօր անհնար է պատկերացնել, որ Ռուսաստանը մի կողմից, եւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մյուս կողմից, հանդես գան համատեղ նախաձեռնությամբ, թեկուզ Անդրկովկասում խաղաղության հասնելու բարի նպատակով։

Ուստի զարմանալի չէ, որ նույնիսկ խաղաղարարի դափնիների համար կատաղի պայքար է ծավալվել։ Հենց այս տեսակետից են շատերն ընկալում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների այցը Սոչի։ Ռուսական խաղաղության ծրագիրը դիտվում է որպես ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների կողմից առաջ մղվող արեւմտյան ծրագրի այլընտրանք։

Հենց Արեւմուտքի հովանու ներքո է Բրյուսելում կայացել Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի վարչապետ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպումը։ Նրանց այցը Սոչի յուրօրինակ պատասխան էր ռուսական դիվանագիտության կողմից, որը չի ցանկանում զիջել մրցակիցներին հետխորհրդային տարածքում։

Սակայն 2020 թվականի աշնան համեմատ, երբ հենց Մոսկվայի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները եւ կանխել Ստեփանակերտի անխուսափելի գրավումը ադրբեջանցիների կողմից, այսօր Ռուսաստանի դիրքերն ավելի քիչ ամուր են, եւ նրան շատ ավելի քիչ են լսում։

Բաքվում շատ լավ հասկանում են, որ Մոսկվան այնքան խորն է խճճվել Ուկրաինայում, որ չունի ոչ ուժ, ոչ միջոցներ, ոչ էլ եւս մեկ հակամարտությանը միջամտելու մեծ ցանկություն՝ նույնիսկ հանուն ՀԱՊԿ-ում ֆորմալ դաշնակից Հայաստանի պաշտպանության: Սա նշանակում է, որ կարելի է շատ ավելի համարձակ, ըմբոստ, հանդուգն լինել, գրոհել Հայաստանի տարածքը, որպեսզի ստիպեն Երեւանին գնալ նոր զիջումների եւ փոխզիջումների։

Բաքվին հավելյալ վստահություն է տալիս նաեւ Թուրքիայի անվերապահ աջակցությունը, որից մեծապես կախված է Ռուսաստանը, եւ որի հետ դժվար թե ցանկանա վիճել հանուն Հայաստանի։ Մանավանդ որ, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, մի մարդ, ում Մոսկվայում շատերը համարում են Արեւմուտքի քաղաքական նախագիծ եւ կապում են գունավոր հեղափոխությունների հետ։ Այս առումով Իլհամ Ալիեւն ավելի հասկանալի է, սոցիալապես մոտ։

Այնուամենայնիվ, Մոսկվան միանշանակ չի կարող երես թեքել Հայաստանից, թողնել նրան ճակատագրի քմահաճույքին եւ թույլ տալ Բաքվին իրականացնել իր բոլոր ծրագրերը։ Ինչպես էլ Կրեմլը վերաբերվի Փաշինյանին, իրադարձությունների նման զարգացումը աղետալի կլինի Մոսկվայի հեղինակության համար հետխորհրդային տարածքում»։