Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հաստատել է Պակիստանում ներդրումներ կատարելու Պեկինի պատրաստակամությունը՝ չնայած վերջին տարիներին անվտանգության խնդիրների եւ համաշխարհային տնտեսության անկման հետեւանքով առաջացած խոչընդոտներին:

Ծինփինը երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին նշել է Պեկինում Պակիստանի նորընտիր վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Սինհուան»։

Հանդիպման ընթացքում նա նշել է, որ «շատ մտահոգված է Պակիստանում չինացիների անվտանգությամբ, եւ հուսով է, որ Պակիստանը կարող է հուսալի եւ անվտանգ միջավայր ապահովել Պակիստանում համագործակցություն իրականացնող հաստատությունների եւ անձնակազմի համար»:

Շարիֆի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նա շնորհակալություն է հայտնել Ծինփինին «երկրում ջրհեղեղների հետեւանքով առաջացած ավերածություններից հետո ռեաբիլիտացիայի եւ վերականգնման Պակիստանի ջանքերին Չինաստանի անգնահատելի օգնության համար»:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են արագացնել նախագծերի իրականացումը եւ քննարկել են Աֆղանստանում չինական ներդրումների ընդլայնման հարցը։