«Դիմադրություն» շարժման հիմնական նպատակներից է չեզոքացնել այն դավադրությունը, որով իշխանությունները ցանկանում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Եվ Արցախի, եւ Հայաստանի հանրահավաքները միասնության են, ազգային շահեր ներկայացնող ուժերի շուրջ համախմբան կոչ։ Առաջին ազատամարտին էլ շատ լավ վիճակ չի եղել Արցախի համար, երբ արցախցին ոտքի է կանգնել, նշանակում է, որ արցախյան երկրորդ շարժումն է սկսվում, եւ մենք պետք է աջակցենք։ Նոյեմբերի 5-ի հանրահավաքին ներկայացվելու է մեր հիմնական գաղափարը, որ այսօր առաջնագիծն Արցախում է, նաեւ Հայաստանում է եւ որ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը, պաշտպանելով Հայաստանը՝ պաշտպանում ենք Արցախը։ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց ասում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում է եւ վերջ։ Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը մշտական ճնշման ներքո են։ Միջազգային հանդիպումներին միայն երկու կողմ է, հայկական կողմը չկա։ Եթե իշխանությունը գոնե մի քիչ սիրեր Հայաստանը եւ Արցախը, հրաժարական կտար, որ նոր իշխանությունը կարողանար բանակցել։ Պետք է ժողովրդի աջակցությունը, որով իշխանություն կգա Հայաստանի եւ Արցախի շահերը ներկայացնող ուժ»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նախկին իշխանությունների ժամանակ ստեղծվել էր Հայաստան-Արցախ-Սյուռք կուռ համակարգ, որն առաջին հերթին արտահայտվել է անվտանգությամբ եւ մյուս ուղղություններով եւս։ Այդ տարիներին ամբողջ գործունեության հիմնական ուղղությունն անվտանգության համակարգի հետ միասին ուղղված է եղել նաեւ միջազգային երաշխիքներին։

«Հիմնական շեշտը եղել է Արցախի ինքնորոշման վրա, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր հողի վրա զարգանալու։ Արցախի ինքնորոշումը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Լավագույն փաստաթղթերը եղել են նախկին բոլոր փաստաթղթերը թե մադրիդյան, թե ապրիլյան պատերազմից հետո ստորագրվածները։ Մենք հիմա գոնե պետք է վերջին գոյություն ունեցող փաստաթղթերից առանձնացնենք գոնե լավագույնը հայ ժողովրդի համար եւ դրա վրա հենվելով մեր եւ Արցախի ազգային շահերն առաջ տանենք։ Կարծես թե վերջին պայմանավորվածությունների ընթացքում մեզ համար ավելի ընդունելի է ռուսական տեսակետը։ Դա էլ մեզ համար լավագույն տարբերակը չէ, բայց գոնե հայ-ադրբեջանական հարաբերությունների ձեւավորման մեջ Արցախի ապագան թողնվում է հետագա պայմանավորվածության»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ պետք է շեշտը դնել երկու բանի վրա, որ Հայաստանը պետք է լինի անվտանգության երաշխավորը եւ նաեւ Արցախի տարածքում Պաշտպանության բանակը պետք է կատարի անվտանգության ապահովում։

«Խաղաղության հասնելու, անվտանգության խնդիրները լուծելու համար մենք պետք է առաջ քաշենք երեք երաշխիք՝ եռամիասնություն՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, հայկական բանակի վերականգնում եւ մարտունակության բարձրացում, որպեսզի այն դառնա անվտանգության երաշխիք Արցախի համար, եւ երրորդ՝ միջազգային երաշխիքներն են»,- ընդգծեց Օհանյանը։