Թեհրան Հայաստանի վարչապետի կատարած այցի հետ ,իաժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն անարդյունավետ գործողությամբ հայտարարեց Իրանի հետ իբր առնչություն ունեցող զինված խմբավորման անդամների ձերբակալության մասին՝ հրապարակելով կեղծ եւ հնացած տեղեկություններ, գրում է ԻՌՆԱ-ն։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իրանը հստակ դիրքորոշում ունի Հարավային Կովկասի հարցում եւ ընդգծում է, որ սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է, եւ լարվածությունը պետք է կարգավորվի միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Այս կապակցությամբ Իրանն առաջարկել է «3 + 3» ձեւաչափը Բաքվի եւ Երեւանի միջեւ տարաձայնությունները լուծելու համար, սակայն «արտտարածաշրջանային միջամտությունն ու սիոնիստական ռեժիմի (Իսրայելի-խմբ.) թշնամությունն Իրանի հետ եւ Բաքվի կառավարության վրա նրա ազդեցությունը այս երկրի պաշտոնյաներին հասցրել են այն աստիճանի, որ չեն ընկալում Թեհրանի հստակ ուղերձը եւ նույնիսկ որոշ դեպքերում գործում են ի հեճուկս տարածաշրջանի շահերի»։

Այնուամենայնիվ, դեէսկալացիայի նպատակով Իրանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Թեհրան։

Նախագահ Իլհամ Ալիեւին նույնպես Թեհրան այցելելու հրավեր է ուղարկվել, սակայն Բաքվի ձգձգումների պատճառով այդ այցը դեռ չի կայացել։

Ելնելով դրանից՝ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունը նյարդային արձագանք է Թեհրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցին։

Ադրբեջանի ՊԱԾ-ը հաղորդագրություն է հրապարակել, որում ասվում է, որ հետաքննություն է կատարվում Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների առնչությամբ, որոնք, իբր, եղել են իրանական հատուկ ծառայության մեջ, որը զբաղվել է նրանց ռազմական պատրաստությամբ եւ ֆինանսավորմամբ։

Կրկնելով իր կեղծ պնդումները՝ ՊԱԾ-ը հերթական անգամ հայտարարել է մի շարք անձանց հեռակա կալանավորման որոշման մասին, որոնց 2018 թվականին մեղադրել են գաղտնի եւ անօրինական զինված խմբավորում ղեկավարելու մեջ։