Հայաստանը եւ Իրանը ջանքեր են գործադրում՝ ուղղված երրորդ երկրներին համատեղ ապրանքներ վաճառելուն։ Այս մասին Ազգային ժողովում,  խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 3-ին ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ դրանք կենտրոնանում են առեւտրի այն բաղադրիչների վրա, որոնք պոտենցիալ ունեն։ Մասնավորապես, շնորհիվ Հայաստանի տրանսպորտային եւ հաղորդակցային կապերի՝ իրանական ապրանքները հանրապետության տարածքում որոշակի վերամշակումից հետո ուղղվում են ԵԱՏՄ-ի, ինչպես նաեւ այլ երկրների տարբեր շուկաներ։

«Հայկական շուկան բավական փոքր է Իրանի համար։ Ուստի, երկու կողմերը քայլեր են նախաձեռնում առկա ապրանքի համատեղ իրացման համար։ Բացի այդ, Հայաստանն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի հայ բեռնափոխադրողների համար հասանելի դարձնի լոգիստիկ ճանապարհները, որոնք անցնում են Իրանով։ Խոսքը, մասնավորապես, Իրանից Կասպից ծովով ԵԱՏՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքների փոխադրման մասին է»,- ասել է Քերոբյանը։

Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Իրանի միջեւ 2022թ., ընդհանուր առմամբ, կհասնի 500 մլն դոլարի նիշին։ Նա նաեւ ընդգծել է, որ ներկայում բանակցություններ են վարվում Իրանի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու գործունեության երկարացման մասին։

«Առեւտրի հիմնական խոչընդոտը բանկային համակարգն է, որը ստիպում է գործարարներին այլընտրանքային ուղիներ փնտրել։ Կա նաեւ Իրան արտահանման խնդիրը՝ սահմանափակումների պատճառով։ Իրանի տնտեսությունը «դիմադրության տնտեսություն» է։ Նրանք քիչ են շահագրգռված ապրանքների ներմուծմամբ»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։