Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին զուգահեռ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում հատուկ ներկայացուցիչների մակարդակում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական  կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով, ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում, բայց, դրան զուգահեռ, շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ  ներկայացուցիչների մակարդակում», - ասաց նա:

Միրզոյանը հավելեց, որ խոսքը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին է եւ այլն։ «Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն  մոտ ապագայում»,- ասաց Միրզոյանը: