Չնայած այս ընթացքում որոշակի մերձեցմանը՝ Ռուսաստանն ու Թուրքիան աշխարհաքաղաքական տեսակետից մնում են հակառակորդներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը հաճախ հակասում են միմյանց, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ Թուրքիան վաղուց երազում է դառնալ ուժի միակ կենտրոնը։

«Իսկ դա նշանակում է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից»,-հավելեց փորձագետը։ Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հուսալի գործընկերը։

Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը, ըստ նրա, ֆորմալ բնույթ է կրում։

«Սա կարեւոր է Թուրքիայի համար, քանի որ այդպիսով նա պաշտոնական հնարավորություն է ստանում ոչ մեծ ռազմական ներկայություն ունենալ Հարավային Կովկասում։ Մոսկվան ավելի թույլ չտվեց, ինչպես թույլ չտվեց թուրքական մոնիթորինգային կենտրոնի զինվորականներին այցելել Արցախ»,-ընդգծեց փորձագետը։

Սաֆրաստյանը կարծում է, որ Անկարան հնարավորության դեպքում կփորձի էլ ավելիին հասնել։