Ֆինլանդիան չի նախատեսում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո իր տարածքում միջուկային մարտագլխիկներ տեղակայել։ Երկիրը նման առաջարկ չի ստացել, հայտարարել են կառավարության պաշտոնյաները, հաղորդում է Bloomberg-ը:

Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը եւ արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հաստատել են, որ Ֆինլանդիան մտադիր է միանալ դաշինքին լիակատար պարտավորություններով։ Այնուամենայնիվ, երկիրը շատ խիստ օրենսդրություն ունի միջուկային նյութերի հետ կապված, եւ կառավարությունն այս փուլում չի առաջարկում որեւէ փոփոխություն կատարել այդ օրենքներում, ասել են նրանք։

Ֆինլանդիայի կառավարությունը ներկայացրել է ՆԱՏՕ-ին միանալու մասին օրինագիծը՝ խնդրելով մեկնաբանություններ տալ նախագծի վերաբերյալ՝ նախքան փաստաթուղթը հետագայում խորհրդարան ներկայացնելը:

«Մենք հիմա պատրաստում ենք այս օրենքը, որպեսզի Ֆինլանդիան պատրաստ լինի միանալ, հենց որ բոլոր երկրներն ավարտեն վավերացման գործընթացը»,- ասել է Հաավիստոն: «Որպես անդամ՝ Ֆինլանդիան կմասնակցի ՆԱՏՕ-ի գործողություններին եւ կշարունակի պահել ու զարգացնել իր հզոր պաշտպանությունը»,- ասել է նա։

Ֆինլանդիան մայիսին հարեւան Շվեդիայի հետ միասին փորձում էր միանալ դաշինքին: Սկանդինավյան երկրների անդամակցությունը դեռ պետք է վավերացնեն Թուրքիան եւ Հունգարիան, ընդ որում՝ առաջինը հինգշաբթի ասել է, որ դեռ պատրաստ չէ առաջ գնալ այդ հարցում: