Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, հայտնում է Anadolu-ն։

Հանդիպումից հետո Սթոլթենբերգը բարձր է գնահատել Թուրքիայի դերը սեւծովյան հացահատիկի գործարքը վերականգնելու գործում։

«Մենք քննարկել ենք նաեւ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության գործընթացի ավարտը, որն ավելի ուժեղ կդարձնի մեր դաշինքը»,- գրել է նա Twitter-ում։

Հանդիպման ընթացքում Էրդողանը եւ Սթոլթենբերգը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ առկա լարվածությունը, ինչպես նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները։

Էրդողանն ընդգծել է բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությանը որքան հնարավոր է շուտ վերջ դնելու եւ արդար լուծում գտնելու համար։

Նա նաեւ նշել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի վավերացման գործընթացի տեմպերն ու ժամկետները կորոշվեն այդ երկրների կողմից ձեռնարկվող քայլերով։

Խոսելով Հունաստանի մասին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան տարածաշրջանում լարվածություն «չի հրահրում», եւ «օգտակար կլիներ, որ Հունաստանը ողջամտությամբ գործեր»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եռօրյա այցով ժամանել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է քննարկել հացահատիկի գործարքի երկարաձգումը եւ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները։

Նախօրեին Սթոլթենբերգը հանդիպել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։