Հունաստանը խստորեն քննադատել է Թուրքիայի որոշումը, որի համաձայն հույն նահանգապետին արգելվել է մուտք գործել երկիր եւ նա կալանավորվել է, հաղորդում է AP- լրատվական գործակալությունը եւ հավելում, որ քաղաքական գործիչը ժամանել է Իզմիր՝ նախագահելու տարածաշրջանային մարմնի լիագումար նիստը։

Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ եւ Եվրամիության Տարածաշրջանների կոմիտեի առաջին փոխնախագահ Ապոստոլոս Ցիցիկոստասն ասել է, որ թուրքական իշխանությունները չեն նշռլ, թե ինչու են իրեն արգելել մուտք գործել երկիր եւ ավելի քան վեց ժամ պահել սենյակում:

«Մենք անվերապահորեն դատապարտում ենք Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից Իզմիրում կալանքի եւ մուտքի արգելքի անընդունելի եւ լիովին անհիմն գործողությունները», - ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ի վերջո, Հունաստանի եւ ԵՄ-ի բողոքներից հետո Թուրքիան հանել է մուտքի արգելքը, սակայն Ցիցիկոստասը, այնուամենայնիվ, որոշել է չմասնակցել Եվրո-միջերկրածովյան տարածաշրջանային եւ տեղական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստից:

Հույն-թուրքական հարաբերությունները լարված շրջան են ապրում, թուրք պաշտոնյաները հաճախ են ռազմատենչ հայտարարություններ անում։ Էրդողանը հրաժարվել է խոսել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, թեեւ երկուսն էլ ՆԱՏՕ անդամ պետությունների ղեկավարներ են։

Հույն պաշտոնյաները լարվածության աճը վերագրում են Էրդողանին, որին հաջորդ տարի սպասվում է բարդ ընտրական շրջան՝ Թուրքիայի տնտեսական լուրջ խնդիրների ֆոնին:

«Եթե Հունաստանը ունենար 85% գնաճ, ես նույնպես կփորձեի փոխել թեման», - ասել է Միցոտակիսը: