Մեր ղեկավարները պետք է ի վերջո այդ հարցերը տան՝ ինչո՞ւ է Արևմուտքն անտեսում 120 հազար արցախցիների ապագա  ցեղասպանության կամ էթնիկ զտման հնարավորությունը, ինչո՞ւ ոչ մի բան չի ասում դրա մասին, ինչպե՞ս կարող են երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը, Հայաստանի սահմանները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Նա նշեց, որ պետք չեն  գեղեցիկ խոսքեր ու ճառեր ասել, պետք են կոնկրետ գործողություններ, որոնք նրանք կարող են  ձեռնարկել այստեղ, որպեսզի զսպեն թուրք-ասդրբեջանական հնարավոր ագրեսիան, որի մասին անընդհատ խոսում են։

«Արցախը հանձնենք, խաղաղ ապրենք թեզը տապալվել է, ինչպես նաև խաղաղության դարաշրջան և այլ թեզեր։  Բոլոր թեզերը տապալվեցին, մենք մեկ անգամ ևս առճակատվեցինք ռեալ իրադրության հետ»,- ասաց Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագիտության դոկտորի խոսքով՝ շատ դժվար է հասկանալ, թե ինչի մասին են  խոսում մեր ղեկավարները Արևմուտքի հետ՝ ի՞նչ են ստորագրելու, այդ ի՞նչ 15 կետ է, կոնկրետ ի՞նչ  խոստումներ կարող է տալ Վաշինգտոնը, Բրյուսելը։

Նա ճիշտ գնահատեց ՀՀ իշխանությունների՝  Իրանի հետ հարաբերություններ հաստատելու քայլերը.  «Իհարկե, շատ ուշ է, բայց, կարծում եմ,  ճիշտ է։ Ի՞նչ ռիսկերի առաջ են մենք կանգնում, եթե շարունակում ենք խորացնել հարաբերությունները Իրանի հետ։ Մենք պետք է պատրաստվենք որոշ ռիսկերի։

Նախ, մի քանի օր առաջ Բայդենն ասաց, որ ժամանակն է ազատագրել Իրանը, ինչն աննախադեպ հայտարարություն է: Եթե ռեժիմի փոփոխություն լինի Իրանում, ինչպե՞ս է անդրադառնալու  մեզ վրա և ի՞նչ հարաբերություներ մենք կունենանք ապագա ռեժիմի հետ:

Երկրորդ վտանգավոր գործոնը. վերջերս Բելինքենն ասաց, որ Իրանը մի քանի ամիս կամ մի քանի շաբաթ է մնացել մինչև միջուկային ծրագիրն ավարտի, «ակնհայտ է այն, որ մենք դա թույլ չենք տա»։  Դա նշանակում է, որ ինչ-որ կանխարգելիչ հարված ԱՄՆ-ն, Իսրայելը կարող է հասցնեն Իրանին որոշ ժամանակ հետո։ Ինչպե՞ս է դա անդրադառնալու մեզ վրա։

Երրորդ՝ Իրանի համագործակցությունը ՌԴ հետ։ Իրանը դրոններ է ծախել Ռուսաստանին։ Սա միանգամից ընդունվեց ոչ բարյացկամ գործողություն ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից, արդեն քննարկվում են պատժամիջոցները։ Այսինքն, ինչպես միշտ, տեսնում ենք երկակի ստանդարտներ. երբ Իրանը  մատակարարում է դրոններ Ռուսաստանին, ճիշտ չէ, պետք է կիրառել սանկցիաներ, երբ Թուրքիան դրոններ էր տրամադրում Ադրբեջանին, որպեսզի էթնիկ զտում կատարեր և ուժով լուծեր Ղարաբաղի հարցը, ոչ մի պատժամիջոցներ Թուրքիայի դեմ չկիրառեցին»,-ասաց Արթուր Խաչիկյանը:

Նրա խոսքով, Հայաստանը մեկ անգամ ևս պետք է որոշի, թե որ աթոռի վրա է նստում, արդեն երեք աթոռի վրա նստելը  չի ստացվի, իսկ այս ղեկավարության կողմից որևէ հստակ բան չի ասվում. «Շատ վտանգավոր ու անորոշ վիճակում ենք գտնվում: Այս իշխանության կողմից ինչ ասվում է սուտ է, կամ այսօր մի բան է ասվում, հաջորդ օրը մեկ այլ բան»,- ասաց Ա. Խաչիկյանը։