Նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը բարձր գնահատեց ամերիկյան գործընկերների հետ համագործակցությունը և նշեց, որ բավական լուրջ համատեղ աշխատանքներ են տարվել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության ստեղծման, տեխնիկական վերազինման, պարեկների վերապատրաստման ուղղությամբ։

Ջեյմս Էփլգեյթը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծեց, որ ամերիկյան կողմը տպավորված է բարեփոխումներով արձանագրված առաջընթացով, և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունն ու աջակցությունը Հայաստանի ոստիկանության արդիականացման ու ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր ևս՝ կապված նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության, ջրային պարեկային ծառայության ներդրման, ծառայությունում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ։

Այցի շրջանակներում Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև պարեկային ծառայությունում և ոստիկանության կրթահամալիրում։