Բանակում մահվան դեպքերը հարվածում են երկրի պաշտպանությանը. ոչինչ մեզ այնքան չի վնասում, քան մի քանի ստահակների նմանօրինակ արարքները, որոնց արարաքները ոչ այլ ինչ են, եթե ոչ հարված թիկունքից: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ռազմական հոգեբան դավիթ Ջամալյանը՝անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում մահացած  Աղասի Աբրահամյանի դեպքին:

«Մեծ կառույցի առանձին օղակներ թերացել են իրենց աշխատանքում։ Կառուցվածքի ներսում թերացած մարդիկ պետք է պատժվեն, բայց ես կտրականապես դեմ եմ բարձրագույն զինվորական ղեկավարության փոփոխությանը: Պնախարար Սեյրան Օհանյանը մարդ է, ով երբեք չի լճանում եւ չի թողնում, որ համակարգը լճանա:  Բանակի գլխին հենց Սեյրան Օհանյանի անձն է պետք»,- ընդգծեց փորձագետը։

Նրա խոսքով, բռի զինվորականի կերպարը պետք է վերացվի մեր հասարակությունից, սակայն փաստ է,լ որ նման մարդիկ մեր բանակում դեռեւս կան: «Բռի զինվորականի կերպարը պետք է զուգորդվի բոլորիս անհանդուրժողականության հետ: Նման մարդիկ պետք է իմանան, որ պետք է գլուխը կախ քայլեն: Մի քանի ստահակների արարքը չպետք է տարածվի ամբողջ սպայակազմի վրա եւ արատավորի նրանց բոլորի անունը: Նույն «Եղնիկների» զորամասում կա հրամանատար, ում գումարտակում միշտ փայլուն կարգուկանոն է»,- վստահեցրեց Ջամալյանը:

Ամփոփելով՝ նա համոզմունք հայտնեց, որ Աղասի Աբրահամյանի դեպքով դատաքննությունը հրապարակային կլինի: «Դրանում շահագրգռված է նաեւ Պնախարարը: Ոչ ոք չի ցանկանում, որ դեպքը կոծկվի: Սա նաեւ բարձրագույն ղեկավարության պատվի խնդիրն է: ԶՈՒ-ում լարվածությունն այս դեպքի ֆոնին մեծ է, քանի որ բոլորը գիտեն, որ նմանօրինակ արարքները չեն ներվելու»,- հավաստիացրեց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ օգոստոսի 26-ին բանակում մահացած զինվորի հարազատները պնդում են, որ 18-ամյա տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով: Նրանք նշում են, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երեւանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 18-ամյա Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել էր:

Ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասիի մայրը` Գայանե Աբրահամյանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը վկայում է նրան դաժանաբար ծեծելու մասին: