ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

Հեռուստա/ռադիո արտադրանք,

Տպագիր և էլեկտրոնային նյութեր:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։

Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինքնաառաջադրմամբ:

Նյութերը պարտադիր պետք է պարունակեն՝

1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն), կանխարգելիչ համատեքստ,

2) լրագրողական վարքականոնի պահպանումը, նյութում առկա տեղեկատվության հավաստիությունը,

3) հրապարակված նյութերի տեղն ու ժամանակահատվածը:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:

Մրցանակաբաշխությանը ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը, կզետեղվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում:

Հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթի անվանակարգը:

Մրցանակաբաշխության արդյունքում սահմանվում են մրցանակային տեղեր՝ 1-ին,  2-րդ, 3-րդ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար:

Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվելու են դրամական խրախուսմամբ՝

1-ին տեղի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

2-րդ տեղի համար՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

3-րդ տեղի համար՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):