Շվեդիան պետք է հաշվի առնի անվտանգության ոլորտում Թուրքիայի մտահոգությունները, եթե պլանավորում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին Անկարայում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։

«Շվեդիան ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցել իր անվտանգության համար, Թուրքիան իր հերթին ակնկալում է, որ Ստոկհոլմը կաջակցի անվտանգության ոլորտում Անկարայի շահերին»,- ասել է նա:

Նրա խոսքով, Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան «անշեղորեն կկատարի» Եռակողմ հուշագրի դրույթները, որը ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթաժողովում ստորագրել են Անկարան, Ստոկհոլմը եւ Հելսինկին։ «Թուրքիան անկեղծորեն ցանկանում է, որ Շվեդիան անդամակցի ՆԱՏՕ-ին եւ երկու երկրների հարաբերություններին դաշնակցային բնույթ հաղորդվի՝ Եռակողմ հուշագրի ամբողջական իրականացման հիման վրա»,- ասել է նա։

Էրդողանը մատնանշել է Շվեդիայի տարածքում Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող «ահաբեկչական կազմակերպությունների» գործունեության համար պայմաններ ստեղծելու անթույլատրելիությունը։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն իր հերթին վստահեցրել է, որ Ստոկհոլմը մտադիր է կատարել ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Նրա խոսքով՝ Շվեդիան տեղյակ է, որ «Թուրքիան պատերազմ է մղում ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դեմ»։

Քրիստերսոնն ասել է, որ Եռակողմ հուշագրի իրականացման շրջանակներում Շվեդիան «շատ նշանակալի քայլեր» կձեռնարկի մինչեւ այս տարվա վերջը եւ հաջորդ տարվա սկզբին։ Վարչապետը նշել է, որ դա առաջին հերթին վերաբերում է երկրի հակաահաբեկչական օրենսդրությանը։

Նա նաեւ մատնանշել է Թուրքիայի եւ Շվեդիայի հարաբերություններում առկա հսկայական չիրացված ներուժը։ Մասնավորապես, նա նշել է, որ կողմերը կարող են «շատ բան անել առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտում»։