Շվեդիայի խորհրդարանը նոյեմբերի 16-ին կքվեարկի երկրի սահմանադրության փոփոխությունների համար, որոնք թույլ կտան ուժեղացնել հակաահաբեկչական օրենքները։ Սա Թուրքիայի հիմնական պահանջն է՝ հաստատելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի հայտը: Այս մասին գրում է «Եվրոպական ճշմարտությունը»-ը՝ վկայակոչելով Շվեդիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի հայտարարությունը։

«Սահմանադրական հանձնաժողովն աշխատել է սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկի վրա, ինչը թույլ է տալիս սահմանափակել հավաքների ազատությունը  ահաբեկչական խմբերի համար։ Հանձնաժողովն առաջարկում է ռիքսդագին (խորհրդարանին) համաձայնվել առաջարկին», — նշվում է հաղորդագրությունում։

Նախօրեին Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Քրիստերսոնը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Շվեդիան ամբողջությամբ կկատարի Թուրքիայի հետ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու մասին համաձայնագիրը։ Նա նաեւ խոստացել է, որ երկիրը կշարունակի կատարել իր պարտավորությունները՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից։