Ղազախստանը մտադիր է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթ առաքել։ Առաքումները կսկսվեն 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտարարել է Ղազախստանաի վարչապետ Ալիխան Սմայիլովը։

«Մենք պայմանավորվել ենք  Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով հաջորդ տարվա հունվարի 1-ից 1,5 մլն տոննա նավթ առաքել»,-ասել է Սմայիլովը։

Նրա խոսքով՝ հետագայում իշխանությունը մտադիր է ավելացնել այդ ուղղությամբ մատակարարումների հզորությունները ավելի քան չորս անգամ: Մոտ ապագայում նախատեսվում է հասնել մոտ 6-6,5 մլն տոննա նավթի առաքման մակարդակին։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը 1768 կիլոմետր է, որից 443 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի, 249 կիլոմետրը՝ Վրաստանի, 1076 կիլոմետրը՝ Թուրքիայի տարածքով։ Կառուցումը սկսվել է 2003 թվականի ապրիլին, իսկ նավթի ներմղումը՝ 2005 թվականի մայիսի 18-ին։ Ներմղման հզորությունը կազմում է օրական 1,2 մլն բարել։