ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը ծրագրում են հրապարակել արհեստական բանականության վերաբերյալ նոր ճանապարհային քարտեզ, որտեղ առաջնահերթությունը կտրվի անվտանգությանը եւ ռիսկերի կառավարմանը, տեղեկացրել է Reuters-ը։

Առեւտրի նախարարի միջազգային առեւտրի գծով տեղակալ Մարիսա Լագոն ասել է, որ փաստաթուղթը կհրապարակվի դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ-ԵՄ Առեւտրի եւ տեխնոլոգիաների խորհրդի նախարարական նիստում։

«Մենք կարծում ենք, որ սա փոխադարձ առաջնահերթություն է, որի մասշտաբները կավելանան ցանցում ԱԲ-ի նոր հավելվածների ի հայտ գալուն զուգահեռ, իսկ ավելի ավտորիտար ռեժիմներն օգտագործում են բոլորովին այլ մոտեցում անվտանգության եւ ռիսկերի կառավարման հարցերում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պաշտոնատար անձինք կարծում են, որ փաստաթուղթը կդառնա նոր տեխնոլոգիաների ծավալման անքակտելի մասը՝ «ընդհանուր դեմոկրատական արժեքներին» եւ ազատ շուկայի սկզբունքներին համապատասխան։

Դա նաեւ պետք է օգնի, որպեսզի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի փոքր ու միջին բիզնեսը չարգելափակվի նոր թվային շուկաներում։